Հրապարակումներ

Հարգելի՛ բարեկամներ
Նկատի ունենալով, որ ՛՛ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՛՛ փաստաբանական գրասենյակը ստանում է բազմաթիվ նամակներ ու հեռախոսազանգեր՝ կապված զորակոչի գործընթացի և նոր իրավակարգավորումների վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում հնարավորինս մատչելի եղանակով ներկայացնել Ձեզ ՛՛Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին՛՛ ՀՀ օրենքով ամրագրված այն բոլոր դրույթները, որոնք կարգավորում են զորակոչի և տարկետումների ընթացակարգերը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ պարզաբանումները վերաբերում են պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին: 
Սպայական կազմին վերաբերող իրավակարգավորումներին կանդրադառնանք առաջիկա օրերի ընթացքում:

1. Խնդրում ենք նկատի ունենալ, որ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը:


2. Այն քաղաքացին, ով նախկինում դատապարտվել է ազատազրկման` ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով, չի կարող զորակոչվել:


3. Այն քաղաքացին, ով հայտարարված զորակոչի ժամանակ պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, չի կարող զորակոչվել:


4. Ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:


5. Ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:


6. Ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ում երեք անգամ առողջական վիճակի պատճառով բուժման նպատակով տրվել է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով:


7. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է մեկ անգամ` երեք տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:


8. Քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:


9. Հիշե՛ք, այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:


10. Ուսումնառության համար տարկետում կտրամադրվի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա ՀՀ պաշտպանության նախարարության հետ կկնքի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Այս հիմքով քաղաքացուն տարկետում կտրվի մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը:


11. Ուսումնառության համար տարկետում կտրամադրվի հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին: Այս հիմքով քաղաքացուն տարկետում կտրվի մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:


12. Գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին կարող է տրվել տարկետում՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով:


13. Հիշե՛ք, պարտադիր զինվորական ծառայությունից ազատված և պահեստազորում հաշվառված քաղաքացին մինչև 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է ծառայության` ընդհանուր հիմունքներով:


14. Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կտրվի այն քաղաքացուն, ով ունի 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)` 
ա. չունեն այլ զավակ կամ
բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ:


15. Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կտրվի այն քաղաքացուն, ով ունի առանց մոր մեծացող երեխա:


16. Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կտրվի այն քաղաքացուն, ով ունի երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների:


17. Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կտրվի այն քաղաքացուն, ով ունի երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին:


18. Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կտրվի այն քաղաքացուն, ով ունի մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է:


19. Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կտրվի այն քաղաքացուն, եթե նա անչափահաս տարիքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխա և որդեգրվել է խնամատար հաստատությունից, և առկա են ՕՐԵՆՔԻ 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերով նախատեսված պայմանները: Այս հիմքով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատը, պապը, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու ճանաչված այլ անձը:


20. Քաղաքացին համարվում է միայնակ ծնող ունեցող, եթե` 
1) մյուս ծնողը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած.
2) մյուս ծնողն անհայտ է (օրենքով սահմանված կարգով հայրություն կամ մայրություն չի ճանաչվել) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
3) մինչև քաղաքացու 18 տարին լրանալն առնվազն հինգ տարի առաջ ծնողներն ամուսնալուծվել են, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին.
4) ծնողների ամուսնությունն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին:


21. Շարքային կազմի զորակոչիկների ծառայության վայրերի նշանակումն իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ` բացառությամբ այն զորակոչիկների, ովքեր ցանկություն են հայտնել ծառայել երեք տարի:


22. Ծառայության վայրեր նշանակելիս հաշվի են առնվում ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ: 


23. Հիշե՛ք, նորակոչիկները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ կամ ներգրավվել ռազմական գործողությունների:


24. Հիշե՛ք, մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ, ինչպես նաև այն զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել ծառակել երեք տարի), որը՝ 
1) որը հանդիսանում է 63 տարին լրացած կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) ունեցող ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը.
2. որն ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր).
3. որն ամուսնացած է և ունի մեկ երեխա.
4. որի ծնողները մահացած են.
5. որի մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:


25. Հիշե՛ք, հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում: 


26. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը:


27. Խնդրում ենք նկատի ունենալ, որ շարքային կազմի այն պարտադիր զինծառայողները, որոնք ցանկություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն, ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքում են պայմանագիր` ՀՀ կառավարության 21.12.2017թ. ընդունված թիվ 1675 որոշմամբ սահմանված կարգով:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика